Հայաստանում իշխող հայրենավաճառների շահերի սպասարկման համար ստեղծված հակակոռուպցիոն դատարանների բուրգը՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն իրենց էությամբ հանդիսանում են արտակարգ դատարաններ, որոնց ստեղծումը Սահմանադրության 163 հոդվածով արգելված է:
Հետևաբար, իշխանափոխությունից հետո այդ դատարանները ենթակա են անհապաղ լուծարման, իսկ դրանց կայացրած բոլոր դատական ակտերը բեկանման՝ այն էլ օրենքի ուժով:
Այս դատարանների բուրգը ստեղծվել է «մասնագիտացված» դատարանի քողի ներքո:
Մասնագիտացված դատարանների ստեղծումը նախատեսված է Սահմանադրությամբ և Հայաստանում վաղուց գործում են երկու այդպիսի դատարան՝ Վարչական դատարանը և Սնանկության դատարանը:
Վարչական դատարանների համակարգը զարգացած է, այն ևս ունի վերաքննիչ դատարան և վարչական պալատ վճռաբեկ դատարանում:
Սնանկության դատարանը նման աստիճանակարգություն չունի և որպես վերին ատյաններ դրա համար գործում են սովորական քաղաքացիական դատարանները:
Ո՞րն է մասնագիտացված դատարանների յուրահատկությունը: Ըստ մասնագիտական գրականության, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում առկա իրավիճակի, մասնագիտացված դատարանների հիմնական առանձնահատկությունը դա արդարադատության իրականացման առարկան է և սուբյեկտները: Պարզ ասած, մասնագիտացված դատարանները գործում են կամ իրավունքի ճյուղերում (վարչական, հարկային, բնապահպանական, ընտանեկան, քրեակատարողական և այլն) կամ իրավունքի ենթաճյուղերում (քաղաքացիաիրավական ոլորտի՝ սնանկության, տնտեսական, արբիտրաժային, մտավոր սեփականության, քրեական ոլորտի՝ զինվորական, անչափահասների գործերով, և այլն):
Մասնագիտացված դատարանները գործում են երկրում ընդունված քաղաքացիական, քրեական և վարչական դատավարությունների օրենսգրքերով:
Ո՞րն է արտակարգ դատարանը: Արտակարգ դատարանները, որպես կանոն, ստեղծվում են հենց արտակարգ պայմաններում՝ պատերազմ, հեղափոխություն, պետական հեղաշրջում, տարերային աղետ և գործում են հատուկ կարգով՝ ակնհայտ հանցանքի դեպքում տեղի է ունենում արագ քննություն, հաճախ առանց դատախազի և փաստաբանի մասնակցության, առանց դատավարական հայտնի կանոնների պահպանության, դատական ակտը կայացվում է անհապաղ և անհապաղ էլ ի կատար ածվում:
Չի գործում դատական ակտի վիճարկման հնարավորությունը և այլն:
Արտակարգ դատարաններ ստեղծվել են նաև սովորական ժամանակներում, օրինակ, Ստալինի ստեղծած «տռոյկա»-ները:
Իհարկե, առաջին հայացքից , ձևական առումով, Հայաստանի հակակոռուպցիոն դատարանների բուրգը այդպիսինը չէ: Բայց դա, իհարկե, միայն առաջին հայացքից:
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանները չեն հանդիսանում մասնագիտացված դատարաններ, քանի որ չեն գործում իրավունքի որևէ ճյուղի կամ ենթաճյուղի սահմաններում:
Քրեական իրավունքը չունի ենթաճյուղ, որը կոչվում է կամ կարող է կոչվել «հակակոռուպցիոն»:
Այսպես կոչված կոռուպցիոն հանցագործությունները, որոնց քննությունը ընդդատյա է հակակոռուպցիոն դատարաններին, սահմանված են քրեական օրենսգրքի հավելվածով: Դրանց թիվը 40-նն է և դրանք վերցրած են՝ ծաղկաքաղ են արված, քրեական իրավունքի տարբեր ենթաճյուղերից կամ ինստիտուտներից, օրինակ՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ, հափշտակություններ, տնտեսական հանցագործություններ, հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ, արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ և անգամ մեկ զինվորական հանցագործություն:
Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայով կամ Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված նպատակներին կարելի է հասնել նաև առանց հակակոռուպցիոն դատարանների բուրգի: Սա նշում եմ այն դեպքի համար, եթե մեկը կուզի ինձ հակադարձել, որ այդ բուրգը ստեղծված է այդ միջազգային փաստաթղթերին համահունչ: Ոչ, դա այդպես չէ, նման պահանջ՝ դատարանների մասով, այդ կոնվենցիաները չունեն: Այդ կոնվենցիաները, իհարկե, թվարկում են մի քանի կոռուպցիոն հանցանք, բայց ինչն է հետաքրքիր, այդպես էլ չի տալիս բուն կոռուպցիայի սահմանումը:
Ի դեպ, հանրաճանաչ և միանշանակ սահմանում կոռուպցիան չունի:
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը իրավունք չունի լսելու մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ գործերը (կալանք, խուզարկություն և այլն), սակայն անում է դա անընդմեջ, իսկ վերին ատյանները նշում են, որ օրենսդրության ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ կարող է քննել:
Այսինքն՝ նույնիսկ հակակոռուպցիոն բուրգի վերադաս դատարանները անուղղակի ընդունում են, որ չի կարող լսել, բայց ոչինչ չեն անում դա կանխելու համար: Դե վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նման բողոքները վարույթ չի ընդունում (դա էլ, երևի, շենքի պատերի ազդեցությունից է՝ վարույթ չընդունելը վճռաբեկ դատարանի գործունեության իրական և միակ իմաստն է ստեղծման օրվանից):
Այսինքն՝ ունենք անհերքելի փաստ, որ հակակոռուպցիոն դատարանը յուրացրել է մի լիազորություն, որը չունի օրենքով: Ի՞նչ է սա, եթե ոչ արտակարգ դատարանի գործառույթ՝ կալանավորել մարդկանց, առանց այդ իրավունքն ունենալու:
Էլ չեմ խոսում դատավորների ընտրության մասին, կադրային լուծումների սկզբունքների մասին և պետական այլ մարմինների կցորդ լինելու մասին:
Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հ.Գ. Շուտով դատական այս բուրգի շյնորհիվ մենք բոլորս ականատես կլինենք լայնածավալ ռեպրեսիաների և գույքերի բռնագրավումների թատրոնին՝ հատուկ ժեխի համար:
Նկարում՝ «Մուտանտները»` Գելի Կորժև
կամ ավելի ճիշտ՝ «ժեխը և իր առաջնորդը»: